linzonline

Առողջ սնունդ առողջ աչքերի համար

Want create site? Find Free WordPress Themes and plugins.

Ինչպես ամբողջ օրգանիզմի, այնպես էլ աչքերի համար կարևոր է լիարժեք և բալանսավորված սնունդը: Ճիշտ ընտրված սննդակարգը կօգնի Ձեր օրգանիզմին աճել, վերականգնվել և պայքարել բորբոքումների դեմ:

Մարդու ծերացման հետ մեկտեղ օրգանիզմում բջիջների վերականգնումը դանդաղում է: Դա կարող է ազդել նաև աչքի առողջության և տեսողության որակի վրա:

Աչքի առողջության հետազոտությունների ընթացքում պարզ է դարձել, որ սխալ սնվելը բարձրացնում է տեսողության տարիքային վատացման հավանականությունը:

Տարիքի հետ մարդկանց մեծամասնության տեսողությունը վատանում է, բայց այս ռիսկը կարելի է նվազեցնել առողջ սնվելու շնորհիվ:

Հիմնական սննդարար նյութերը տեսողության համար

Աչքի առողջության և տեսողության վերականգնման համար գոյություն ունի սննդարար նյութերի 4 խումբ.

  1. Վիտամիններ, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ

A, C և E վիտամինները պարունակում են հակաօքսիդանտներ, օգնում են պահպանել աչքերի բջիջների և հյուսվածքների առողջությունը՝ դրանով իսկ դանդաղեցնելով տարիքի հետ տեսողության վատացումը: C վիտամինը նաև նվազեցնում է կատարակտի զարգացման ռիսկը:

  1. Լյուտեին և զեաքսանտին

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ այս հակաօքսիդանտները նվազեցնում են տարիքի հետ տեսողության վատացման հնարավորությունը:

  1. Օմեգա-3

Այս ճարպաթթուները կարևոր դեր են կատարում տարբեր տարիքի երեխաների տեսողության զարգացման համար: Սննդում օմեգա-3-ի պակասը կարող է հանգեցնել աչքի հիվանդությունների: Աչքի չորությունը, արցունքագեղձի ֆունկցիայի խախտումը ևս օմեգա-3-ի պակասի արդյունքն են:

  1. Հանքային նյութեր

Ցինկը և պղինձը օգնում են օրգանիզմին յուրացնել սննդարար նյութերը և վիտամինները: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ հակաօքսիդանտների մեծ քանակությունը ցինկի և պղնձի օքսիդների համադրությամբ նպաստում է տարիքի հետ տեսողության վատացման կանխմանը:

Մթերքներ, որոնք օգտակար են Ձեր աչքերի առողջության համար

Եվ այսպես, ի՞նչ մթերքներ պետք է ուտել աչքերն առողջ պահելու համար:

Կանաչ բանջարեղեններ

Աչքի առողջության համար ամենաօգտակարը կանաչեղենը և կանաչ բանջարեղեններն են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ լյուտեին և հակաօքսիդանտներ: Կաղամբը բանջարեղենների շարքում լյուտեինի պարունակությամբ առաջատարն է: Նրան հաջորդում է սպանախը և թարմ մաղադանոսը (петрушка):

Վառ գույնի մրգեր և բանջարեղեններ

Որոշ մրգերի և բանջարեղենների վառ գույնը պայմանավորված է դրանցում մեծ քանակությամբ կարոտինոիդների առկայությամբ: Ձեր սննդակարգում ներառեք եգիպտացորեն, կիվի, դդում, դդմիկ, կարմիր խաղող, կանաչ կամ նարնջագույն քաղցր պղպեղ:

Ձուկ

Յուղոտ ձկան մեջ պարունակվում է նաև մեծ քանակությամբ օմեգա-3: Սաղմոնը, թունան և սկումբրիան այս ճարպաթթուների հիմնական աղբյուրն են:

Ձու

Ձվի դեղնուցում ևս կան կարոտինոիդներ: Փաստացի, ձվի դեղնուցը լյուտեինի և զեաքսանտինի հիմնական աղբյուրն է:

Ցինկ

Ոստրեները պարունակում են ցինկի ավելի մեծ քանակություն, քան ցանկացած այլ մթերք: Դրանց այնուհետև հաջորդում են ծովախեցգետինը և տավարի միսը: Կաթը, պանիրը, հացը ևս պարունակում են որոշակի քանակությամբ ցինկ:

Այս մթերքների օգտագործումը ոչ միայն կօգնի Ձեզ պահպանել աչքի առողջությունը, այլև օգտակար կլինի Ձեր ամբողջ օրգանիզմի համար:

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.
Close