կոնտակտային լինզաներ

5 խորհուրդ կոնտակտային լինզաներ կրելու համար

Որոշել եք կրել կոնտակտային լինզանե՞ր: Ուրեմն այս հոդվածը պետք է անպայման կարդաք, քանի որ մենք այն պատրաստել ենք հատկապես նրանց համար, ովքեր նոր են սկսում լինզա կրել և չգիտեն ինչից սկսեն:

Թե օպտիկական, թե գունավոր լինզաների դեպքում կանոնները և տեխնիկաները նույնն են: Այս խորհուրդներին հետևելը կօգնի Ձեզ ավելի հեշտ հարմարվել կոնտակտային լինզաներին:

Կոնտակտային լինզաներին հարմարվեք աստիճանաբար

  1. Առաջին օրը լինզաները մի կրեք երեք ժամից ավել, իսկ այնուհետև մեծացրեք այդ ժամանակը ամեն օր մեկ ժամով:
  2. Մեկ օրվա ընթացքում լինզաներ կրելու լավագույն տարբերակը 10-12 ժամն է: Սա իհարկե չի վերաբերում այն օպտիկական լինզաներին, որոնք կարող եք կրել և գիշերը, և ցերեկը:
  3. Խորհուրդ է տրվում կոնտակտային լինզաները դնել նախքան դիմահարդարումը:
  4. Լինզաները և աչքերը վնասելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում դրանք դնել և հանել հայելու առաջ:
  5. Լինզաները չպետք է կպչեն եղունգներին, քանի որ կպատռվեն: Դրանք պետք է հանել և դնել մատների բարձիկների օգնությամբ:

Կոնտակտային լինզաներ կրելու տեխնիկաներ

Սկսեք տեղադրել լինզան աջ աչքից: Այն բանից հետո, երբ դիտարկել եք լինզան և համոզվել, որ այն շրջված չէ դրսի կողմի վրա, դրեք ցուցամատի ծայրին: Լինզան ճիշտ կողմով ավելի հավաքված է՝ ափսեանման է, իսկ սխալ կողմով ավելի փռված է (ինչպես նկարում է):

Կոնտակտային լինզաներ տեղադրելու և հանելու 1-ին ձև

Տեղադրել:

Լինզան դրեք ցուցամատի նեղ մասի վրա: Ցուցամատը պետք է ունենա հորիզոնական դիրք, եղունգը պետք է նայի ոչ թե հատակին, այլ պատին: Այնուհետև կզակը իջեցրեք ներքև՝ դեպի կրծքավանդակ՝ պահելով հայացքը անշարժ: Ցուցամատի վրա դրված լինզան մոտեցրեք և հպեք/կպցրեք աչքին: Փակեք աչքերը, նայեք աջ, ձախ, վերև, ներքև, մինչև համոզվեք, որ լինզան տեղադրված է: Նույնը կատարեք նաև ձախ աչքի համար:

Հանել:

Կզակը նույն ձևով իջեցրեք ներքև՝ հայացքը պահելով անշարժ: Աջ ցուցամատը նույն՝ հորիզոնական դիրքով պահելով հպեք լինզային և քաշել լինզան ներքև՝ ստորին կոպի ուղղությամբ: Լինզան ինքըստինքյան կհայտնվի ձեր ցուցամատին: Սկսնակներին խորհուրդ ենք տալիս այս գործողությունները կատարել հայելու դիմաց, փռեք մաքուր սրբիչ, որպեսզի լինզան ընկնելու դեպքում շատ չկեղտոտվի կամ չվնասվի:

Կոնտակտային լինզաներ տեղադրելու և հանելու 2-րդ ձև

Տեղադրել:

Ֆիքսե՛ք վերին կոպը ցուցամատով, իսկ ստորինը՝ միջնամատով: Լինզան զգուշորեն կպցրեք/հպեք աչքին: Նայեք աջ և ձախ այնքան մինչև համոզվեք, որ լինզան տեղադրված է, ներքև նայելով՝ դանդաղ բաց թողեք ներքևի կոպը, ապա վերևինը, և հանգիստ թարթեք աչքը: Նույնը կատարեք ձախ լինզայի դեպքում:

Հանել:

Նայելով վերև՝ ցուցամատով տեղաշարժեք լինզան դեպի ներքև: Այնուհետև ցուցամատի և բութ մատի օգնությամբ վերցրեք լինզան աչքից, ապա հանեք այն:

Հանել կոնտակտային լինզան

Միշտ առաջինը հանեք այն լինզան, որը դրել եք առաջինը:  Հանելուց հետո միանգամից տեղավորե՛ք տուփի մեջ, որպեսզի աջ և ձախ լինզաները չշփոթեք:

Close